Գլխավոր » Էսսեներ » արև-անձրև

արև-անձրև


Տաք, արևի շողերից արբած ասֆալտը միշտ էլ դժվար է ընդունում անձրևի առաջին կաթիլները: Սկզբից գոլորշի է բարձրանում, հետո` փոշի, դե իսկ հետո համակերպված սկսում է թրջվել… Անձրևը կաթիլներով է լցնում բոլոր փոսիկները, ասֆալտի խորդուբորդ մակերեսը վերածվում է վազող ջրերի շքերթի: Եվ ասֆալտը հասկանում է. ուղղակի պետք է սպասել արևին…

Արև

Արևը կգա՞․․ Չգիտեմ, մի օր արևը կգա՞․․․ Չգիտեմ, անձրևն անվե՞րջ է, թե՞ կաթիլների միալար աղմուկն այնքան է ընտելացրել ինձ, որ ժամանակը կարծես կանգ է առել և վայրկյանները սկսել եմ հաշվել քայլելով․ մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ․․․
Ես արև չունեի։ Բայց իմ չունեցած արևը սեղմել էի ամուր։ Այն ժամանակ, երբ ձեռքերս այրվում էին, երբ ափերս կարմրել էին ինձ չպատկանող արևի շողերից և ես համառորեն հրաժարվում էի բացել ափս, բաց թողնել ոչ իմ արևը` անձրև սկսվեց․․․ Ու արևս գնաց։ Գնաց վերև` ուրիշի երկինք, ուրիշի ձեռքերում կուչ գալու, ուրիշի ազատությունը ջերմացնելու, ինձնից հեռու․․․
Արևը կգա՞․․․ Չգիտեմ, ձեռքերիս վերքերը կլավանա՞ն մի օր, թե անձրևն ամեն անգամ կլվանա վերքերս ու ես ցավը մոռացած կսկսեմ էլի ձեռքերիս մեջ պահել վառող շողերն ու էլի սպասել փրկարար անձրևին․․․ Չունեցած արև, չունեցած ջերմություն․․․
Եթե արևը չի ուզում գալ, բացարձակ նշանակություն չունի, թե ինչքան ես նայում երկնքին։ Նշանակություն չունեն ափերիդ վերքերը, անձրևի ուժգնությունը, մտքերիդ արագությունը, աչքերիդ գույնն ու շուրթերիցդ հնչող խոստովանանքի նմանվող բարբաջանքները։ Որովհետև երկնքում արևները շատ են։ Նրանք գալիս են հերթով, իրար ետևից։ Որովհետև նրանց ժամանակ է պետք քեզ գտնելու համար։ Որովհետև քո արևն էլ քեզ է փնտրում․․․
Արևը կգա՞․․․ Չգիտեմ, մի օր իմ արևը կգա՞․․․
Բաց թողնել ուրիշի արևը։ Մաքրել ափերս ուրիշի շողերից։ Դադարել ջերմանալ ինձ չպատկանող, ոչ ինձ համար ստեղծված ժամանակավոր ջերմությունից։ Դադարել մրսել․․․
Բաց եմ թողնում։ Բաց եմ թողնում։ Բաց եմ թողնում․․․

Տաք, արևի շողերից արբած ասֆալտից սկզբից գոլորշի բարձրացավ, հետո` փոշի, դե իսկ հետո համակերպված սկսեց թրջվել… Անձրևը կաթիլներով լցրեց բոլոր փոսիկները, ասֆալտի խորդուբորդ մակերեսը վերածվեց վազող ջրերի շքերթի: Եվ ասֆալտը հասկացավ. ուղղակի պետք է սպասել ճիշտ արևին…

 

 

Թողնել մեկնաբանություն