Հաջողություն և ․․․ բարի գալուստ :)


Հարգելի ընթերցողներ։ Սա իմ բլոգի վերջին գրառումն է ։ Շնորհակալ եմ, որ կողքիս եք եղել, կարդացել ու կիսել եք ինձ հետ այն, ինչ ես ապրել եմ։  Ինձ գրելու ուժ և ցանկություն են տալիս ձեր կարծիքներն ու արձագանքները։ Ես կշարունակեմ գրել, բայց․․․  արդեն այլ տարածքում։  Ուրախ եմ հայտնել, որ այսուհետ իմ բոլոր հին ու նոր ստեղծագործությունները […]

Քեզնից առաջ, ինձնից հետո


Քեզնից հետո եկածները արժեք չունեն։ Ես ցանկացածին կարող եմ թողնել ու գալ քեզ մոտ՝ մոռանալով, որ ինչ-որ տեղ ինչ-որ մեկն ինձ սպասում է։ Քո կողքին ես դառնում եմ եսասեր ու․․․ դավաճան․ ոնց դու։ Ու ամենասարսափելին այն է, որ ես ինձ մեղավոր չեմ զգում։
Ես նայում եմ նրա աչքերին։ Նա հավատում ու վստահում է ինձ․ նա, քեզնից հետո եկածը, քեզ փոխարինել փորձողը, ու ոչ մի հարց չի տալիս։ Ակամայից սկսում եմ մտածել․ գուցե քե՞զ եմ նրա հետ դավաճանում, այլ ոչ հակառակը․․․
Ես ատում եմ արևի առաջին շողերը, որոնք ազդարարում են այլ մարդկանցով լի իրականության ամենօրյա սկիզբը։ Ժամանակը չի թողնում քեզնից հագենամ, ու ես էլի ինչ-որ մի բան կիսատ թողած զգացումով համբուրում եմ քեզ և իջնում մեքենայից՝ չիմանալով այլևս քեզ երբ կտեսնեմ․․․

Շարունակությունը՝ այստեղ 

Նրանք ես չեմ


Այդ աղջիկներն այնքան նման չեն ինձ։ Այնքան ավելի լավն են, ավելի զգույշ․․․ 
Այն աղջիկները, որոնք միշտ գողանում են նրանց, ում ես սիրում եմ։ Որոնց մոտ ինքնակամ գնում են նրանք, ում ես սիրում եմ։ Որոնք ավելի կարևոր են ու ավելի ճիշտ։ Ու որոնց սիրում են։

Ես դադարում եմ ամեն տողի մեջ ստորակետ դնել։ Ես ամեն օր սկսում եմ նոր տողից, ու թանաքս միշտ չի հերիքում ասելիքս ավարտել․․․ Այսպես դժվար է։ Այսպես օդը չի հերիքում այն ժամանակ, երբ ես սկսում եմ համակերպվել։ Երբ ժպտում եմ լուսանկարներից ինձ ժպտացող զույգերին։ Երբ նրանք ունենում են այն, ինչ ինքս եմ երազել։
Այդ աղջիկներն ինձնից գեղեցիկ չեն։ Կամ խելացի։ Բայց նրանց սիրում են։ Ու ակամայից նրանք գեղեցկանում են։ Ու նրանց մոտ միշտ գնում են նրանք, ում ես եմ սիրում։ Ես դանդաղ սկսում եմ խելագարվել ու ինձ տանջելու հերթական փորձի ժամանակ կանգ առնում, սպասում։ Հոգնում եմ սխալ փնտրելուց։ Ինչ-որ բան ավելի քիչ է կարևոր, քան եղելությունը բախտի կամ ճակատագրի քմահաճույք համարելը։ Ինչ-որ բան այն չէ, ու ես դեռ երկար կժպտամ լուսանկարներից ինձ ժպտացող զույգերին։
Այդ աղջիկները նման չեն ինձ։ Այնքան ավելի լավն են, որ հաճախ ինքս զգում եմ, որ երևի նրանց կընտրեի, լինեի ես ընտրողի դերում։ Խելագարվում եմ։ Ինչի՞ ։ Ժամանակը դեմ է այս հարցի տրամաբանական բացատրությանը։ Եվ ես՝ լինելով գետնին կպած սովորական մահկանացու, ի զորու չեմ ինձ ենթարկել ժամանակի ոչ տրամաբանական լուծումները։ Ես այնքան անզոր եմ իմ ուժով, իմ հպարտությամբ և անհասանելի թվացող երազանքներով։ Բայց ես նայում եմ իմ արտացոլանքին ու հասկանում, որ սիրում եմ նրան։ Սիրում եմ ինձ․ այսպիսին, ինչպիսին ինձ ստեղծել է տիեզերքը։ Ինչպիսին ես ճանաչում եմ ինքս ինձ։ Եվ որ ես այնքան գեղեցիկ եմ․․․
Այս աղջիկները նման չեն ինձ։ Նրանք ճիշտ են։ Նրանք երբեք չեն սխալվում։ Նրանք գիտեն ինչպես կառավարել զգացմունքները։ Նրանք կարողանում են ճիշտ ժամանակին ցույց տալ այն, ինչ իրականում ուզում են։ Նրանք ևս խաղում են, բայց՝ ճիշտ։
Եվ այդ աղջիկներին են միշտ ընտրում նրանք, ում ես սիրում եմ։ Նրանք, որոնց հեռանալը նման է փոքրիկ մահվան, սև փոսի, անգիտակցության, որոշ ժամանակ իրականության հետ կապը կորցնելուն, դատարկության․․․
Ժամանակի ամենակարող ուժը փորձում է կոտրել ինձ, դատարկել, քամել այն, ինչը ես մասունքի պես պահում եմ ամենախորքում՝ այն ամենաիսկականի, ամենամաքուրի համար։ Ամեն անգամ ինչ-որ մասնիկ, ինչ-որ կետ, ինչ-որ նշան մեռնում է իմ մեջ։ Բայց ես չեմ կոտրվում։ Ու դա սպանում է ինձ։ Ու ես չեմ կարողանում ատելությամբ լցվել նրանց հանդեպ, ովքեր ինձ նեղացրել են։
Այդ աղջիկները այնքան նման չեն ինձ։ Այնքան կատարյալ են, այնքան մաքուր․․․

Մի՞թե աշխարհում ինչ-որ մեկի համար ես այդ աղջիկներից մեկը չեմ․․․