Գլխավոր » Էսսեներ » Որովհետև

Որովհետև


images-4
— Ինչի ու ինչքան:
— Իսկ դու ո՞րն ես ուզում:
— Ես չեմ ուզում:
— … որովհետև, տիեզերքից շատ…

Դու գրում ես նրա մասին, հետո` նրա, մյուսի, հորինում, հիշում, իսկ ես անհետանում եմ տողերիդ միջև ու թույլ տալիս, որ տառերդ խաղան և երբեք չկազմեն իմ անունը: Անունս չէիր սիրում, չէ՞… Ատում եմ, երբ խաբում են ինձ, բայց հիմա, երբ մատներիս վրա դեռ զգում եմ բույրդ և աչքերս միայն ժպիտդ հիշել են համաձայնվում` ես խաբում եմ ինձ, որ դա միայն այսօր չէր…
— Ինչի ու ինչքան:
Կապ չունի: Ունի: Չէ, չունի… Ուսե՞րդ են բարձրանում դրանից, թե՞ սիրտդ է սկսում ավելի արագ զարկել: Երբ համբուրելուց փակում ես աչքերդ, ուզու՞մ ես բացելուց էլի ինձ տեսնել…
Ատելով խաբում եմ ինքս ինձ: Փոխվում եմ. օրեցօր, ժամ առ ժամ, հարմարվում եմ քո օրենքներին (չմտածելով, որ գուցե դու չես սիրում հարմարվողներին) և սկսում երջանիկ լինել ոչ թե այն պատճառով, որ կողքիս ես, այլ որ հեռու չես: Մեկ չէ՞… Չէ’… Ես ամբողջն եմ ուզում:
Ես ուզում եմ մի օր քեզ հարցնել. ինչի՞ ու ինչքա՞ն: Իսկ հիմա… ես այնքան վախենում եմ այդ հարցերից:
“Ինձ թվում է հիմա սիրտս կպայթի”: Դու ժպտում ես: Իսկ դու գիտե՞ս, որ եթե սիրտս պայթի` ես կմեռնեմ ու էլ չեմ լինի: Իմ չլինելու հետ էլ չեն լինի անիմաստ, վաղուց պատասխան ստացած հարցերս, կարծեցյալ ավելորդ սերս, քնքշությունս` օդում կախված…
— Ինչի ու ինչքան:
Շատ, հասկանու՞մ ես, շա~տ, տիեզերքից էլ շատ, բոլոր երկինքներից էլ բարձր, ու միայն մի պատճառով. դու ես:
Դու կատակում ես, ու որքան էլ անկախ ինձնից մտքումս դավադրություն եմ տեսնում, ակնարկ, նորից խաբում եմ ինքս ինձ, որ դու կատակում ես, և միայն:
Իսկ ի՞նչ է, դու չե՞ս կարող կատակել…
— Ինչի ու ինչքան:
Գիտե՞ս ինչ է նշանակում սովորեցնել համբերել նրան, ով միշտ շտապում է: Ես սովորեցի: Հիմա հասկանում եմ. երբեմն ամեն մի ավելորդ քայլն ավելի է մոտեցնում ավարտին, իսկ շտապելուց` առավել ևս: Իսկ գուցե սպասեմ և ամեն ինչ լավ լինի…

Դու զգում ես դեմքիս մկանների ամեն շարժումը և աչքերիս հատակին հավաքվող թաց լռությունը:
Դու միայն չգիտես, թե ինչ եմ ուզում, որ ինձ նվիրես…մի օր… միայն դու…
Ես գիտեմ. ես ինձ չեմ խաբում…

— Ինչի ու ինչքան:
— Որովհետև դու ես. տիեզերքից շատ:

Թողնել մեկնաբանություն