Գլխավոր » Էսսեներ » « Սեվ…կամ դեղին…»

« Սեվ…կամ դեղին…»


— Ինչու՞ ես տանձը սևով ներկել:
Մերին կարծես չէր լսել ուսուցչի հարցը, կամ չէր ցանկանում պատասխանել:
— Մյուս անգամ դեղինով կնկարես, լա՞վ, — Մերիի գլուխը շոյեց ուսուցիչն ու շարունակեց հետևել մյուս աշակերտների աշխատանքներին: Մերին ժպտաց:

Անցավ մի քանի տարի: Աղջիկն արդեն ուսանող էր: Առաջին անգամ որոշվել էր կուրսով գնալ քաղաքից դուրս:
— Ուֆ, չգիտեմ ոնց եմ գալու: Մաման թողեց, բայց պապան որ իմանա, հաստատ առանց ինձ եք գնալու:
Մերին թեքվեց կուրսեցու կողմը: Հասմիկը շրթներկն էր թարմացնում:
— Պապայի կարծիքով բոլոր նմանատիպ հավաքույթներում կամ խմում են,կամ թմրանյութ օգտագործում, կամ էլ զբաղվում են վատ — վատ բաներով, — Հասմիկը սկսեց ծիծաղել:
— Իմ մոտ էլ է նույն խնդիրը, — դժգոհեց մյուս կուրսեցին` Ստելլան: — Տեսնեմ ոնց եմ համոզելու: Վերջին տարբերակ. չեմ ասի: Մեր, բա դու ո՞նց ես գալու:
— Ես խնդիր չունեմ, — ուսերը թափ տվեց Մերին:
— Պապադ թողե՞լ է:
— Ես պապա չունեմ:
Լսարանում լռություն տիրեց: Մերին ժպտաց: Ու չմասնակցեց երեկույթին:

Նա առհասարակ չէր սիրում աղմկոտ, մարդաշատ վայրեր, նամանավանդ` հարսանիքներ: Չէր կարողանում պատկերացնել ոնց է ինքը մտնելու եկեղեցի, ում ուղեկցությամբ…
Հետաքրքիր գարուն էր. եղանակը կարծես ուզում էր վերջապես փարվել արևի շողերին, հալեցնել մարդկանց սառցե բարակ շերտով պատված հոգիները: Մերին ափի մեջ վառ դեղին գույնով արև նկարեց: Արևը ժպտում էր կյանքի և ճակատագրի գծերից, ճանապարհներից և մահվան խաչմերուկներից: Նա դանդաղ փակեց ափը: Ճառագայթները կուչ եկան, ներկը լղոզվեց ու ծորաց գետնին: Իսկ ո՞վ խամրեցրեց ԻՐ արևը: Նկարեց ու ջնջեց: Նկարեց, որ …ջնջի…Ու՞մ և ի՞նչ էր ուզում ապացուցել` ամեն անգամ հպարտորեն և ուրախ հայտարարելով, որ ինքը ՊԱՊԱ ՉՈՒՆԻ: Ամեն անգամ փորձում էր ցավը ժպիտով քողարկել, ասես դրանով ինչ-որ բան կարող է փոխվել: Որ իր համար միևնույն է, սիրում է իր կյանքը:Ու միշտ իր խոսքերից հետո լռություն էր: Ոչ ոք չէր հարցնում. — Մերի, բա ու՞ր է քո պապան: Ինչի՞ դու պապա չունես: Բոլորը կարծում էին, որ ամենաճիշտ տարբերակը լռելն է, կարծես դրանով ուզում էին ապացուցել, որ հասկանում են նրա վիշտը,ցավը, թեկուզ նրանցից և ոչ ոք երբևէ չհասկացավ, թե ինչու է Մերին այդքան ուրախ և անվրդով արտաբերում այդ չարաբաստիկ նախադասությունը:
« Գուցե լավ կլիներ, որ մեռած լինեիր: Կգայի, կնստեի գերեզմանիդ մոտ, ծաղիկ կբերեի, խունկ կվառեի, կարտասվեի ու մի քիչ թեթևացած կգնայի տուն` մամայի մոտ, առանց ասելու, որ քո մոտ էի: Բայց դու ապրում ես: Նույն օդն ես շնչում, քայլում ես նույն հողի վրայով, բայց մի բան այլ է. քո մարմնի ձախ հատվածում չի զարկել ու չի զարկում «հայրական» սիրտը,իմ նկարած արևը վաղուց արդեն քո դեմքը չունի ու ես անգամ ափսոսում եմ, որ այսքան նման եմ քեզ: Դու երևի չես տեսել, թե խառնվելով անձրևաջրերի հետ ինչ տգեղ երանգ է ստանում ԴԵՂԻՆԸ: Դրա համար նախընտրում եմ սևը, որ խառնվի էլ, գույնը չփոխի: Գրում եմ քեզ` հասկանալով, որ օտար եմ, ու արյունն արդեն, ինչպես ասում են, «ջուր է դառել»: Գիտես, ուզում եմ ամեն բառս քեզ ցավ պատճառի, որ գոնե այս տողերը կարդալուց տխրես, հիշես…Որ գրելուց հետո ուղարկեմ իմ առաջին ու վերջին նամակը, ու էլի կարողանամ նույն նախադասությունը դերասանի վարպետությամբ վարժ արտասանել:Թող ցավա, հայր իմ, վաղուց իր իրական դերը կորցրած սիրտդ թող գոռա ցավից: Իսկ հետո, երբ ավարտես կարդալը,մոռացիր, ապրիր քո կյանքով, չէ-որ այսպես դու երջանիկ ես: Ես` ավելի…»:

— Մեր, մերոնք ուզում են ձեր տուն գալ, ձերոնց հետ ծանոթանալ, դե, գալիս ենք ձեռքդ խնդրելու, էլի, — Վահեի հայացքում և ուրախություն կար, և անորոշ վախ:
— Հա, իհարկե, ե՞րբ:
— Դե այնպես լինի, որ համ մամադ տանը լինի, համ պապադ:
— Վահե…ես պապա չունեմ:
— …Պատմիր Մերի, եթե ուզում ես:
Մերին ուզում էր պատմել: Մերին չէր ժպտում…

2 thoughts on “« Սեվ…կամ դեղին…»

Թողնել մեկնաբանություն